Բաց նամակ ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Պատճենները
ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական
նախարարական կոմիտեի անդամներ`
ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ,
ՀՀ ոստիկանության պետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ,
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ,
ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ,
ՀՀ արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ,
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արգո տիարք, սույն խնդրի լուծման հույսով բազմաթիվ հրապարակումներով հանդես գալուց զատ, բազմիցս դիմել եմ ձեզ` փորձելով հանրության նյարդերն ու արժանապատվությունը ոտնահարող երևույթը կանխարգելել, այսինքն, հնարավորություն ընձեռել խաղաղ երեկոներ և գիշերներ ունենալու։ Ցավոք, ձեր որդեգրած կոծկման քաղաքականությունը խնդիրը տարավ դեպի փակուղի, իսկ վերջին նամակս էլ մնաց անպատասխան (այն գրանցված է ՀՀ կառավարությունում 2013-ի ապրիլի 30-ին` Թհ36-65Ը5-47Թհ հսկիչ համարի տակ)։ Ակնհայտ է, որ խնդիրը համակարգված ձևով անթեղվում է պատասխանատու կառույցի` ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի կողմից։ Այնինչ ամենօրյա հրթիռակոծություններն ու ամանորյա պայթուցիկաշփոթը վաղուց են դարձել հանրային չարիք։ Չեմ կամենում մերկապարանոց լինել, և ահավասիկ, մի քանի դրվագ մեր փոխադաձ «հրաձգությունից»։ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի 2011-ի մայիսի 20-ի թիվ 63-Ա հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ (բաղկացած մի քանի նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից), որն ուսումնասիրել է եվրոպական երկրների և ՌԴ-ի փորձը և թվով 7 օրենքներում մշակել է մեծածավալ փոփոխություններ կատարելու նախագծեր։ Անցնում է մեկ տարի և երկու ամիս, ձեր պատասխանը ոչ պակաս հոգեցունց է. «ՀՀ օրենքների թվով 7 նախագծեր քննարկվել են ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի 2012-ի հունիսի 28-ի նիստում»։ Սա չար կատա՞կ է, թե՞ սարկազմի բարձրագույն ելևէջ` թողնում եմ որոշելու Ձեզ, քանի որ նման անբարո և հակամարդկային երևույթները կանխվում են մեկ հստակ և հատուկ որոշմամբ, դուք արդեն երրորդ տարին է` 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ եք փորձում կատարել։ Այսինքն, բանականի և բարոյականի հիմնավոր պակաս ունեցող մեր որոշ հայրենակիցներ ավանդույթ են ձևավորել անձնական-ընտանեկան իրենց տոնը նշանավորելու հրթիռային համազարկերով, «դիվադադար» անելով մի քանի հարյուր հազար մարդու։ Անկասկած, հարգարժան Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը և Արմեն Երիցյանը քաջատեղյակ են, թե ինչ ավերիչ ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա հանկարծահաս պայթյունն ու որոտը, հատկապես երբ դրանք պարբերական բնույթ ունեն։ 2012-ի սեպտեմբերին մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմեցինք երկրի նախագահին, հրթիռակոծությունները նվազեցին, բայց, ցավոք, ժամանակը հիմնավորեց, որ դա զուտ նախընտրական քայլ էր, Երևանի ավագանու ընտրություններից հետո գրեթե ամեն օր հանրապետության երկինքը դիվահարվում է։ Եվ սա ձեր հռչակած 7 օրենքների և մեծածավալ փոփոխությունների համատեքստում պարզապես զավեշտի հրավառություն է։ Ի դեպ, մեծ զարմանքով տեղեկացա, որ առանձին ընկերություններ պաշտոնապես զբաղվում են պայթուցիկ նյութերի ու սարքերի ներկրմամբ և առևտրով, բայց, եթե չեմ սխալվում, 1994-ից մենք հրադադարի մեջ ենք։ Ոչ պակաս զարմացրեց այն, որ հրթիռների ներկրմամբ զբաղվում են ծաղիկ ներկրող և հարսանյաց հանդեսներ սպասարկող ընկերությունները։ Այս դիվահար գործամոլությունը, անգամ ամենատարրական հաշվարկով, ահռելի շահույթներ է ապահովում ոմանց։ Բայց ինչու եք դուք խեղանդամում խնդիրը և կամա-ակամա հովանավորում այս գործընթացը։
Անշուշտ, շուտով երկրի նախագահին կներկայացվի շատ ավելի տարողունակ մի բաց նամակ։ Անշուշտ, այսուհետև խնդրով կզբաղվեն բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և, վաղ թե ուշ, այն կկարգավորվի։ Պարզապես ցավալի է (եթե ոչ ողբերգական) տեսնել, թե ինչպես են պետական ծանրակշիռ իրավասու կազմակերպությունները ձեր գլխավորությամբ հանրային շահը պաշտպանելու փոխարեն սպասարկում ոմանց շահերը։
Պատիվ ունեմ`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ